«Ալաշկերտը» 0։1 հաշվով զիջեց «Դեբրեցենին». «Արարատ-Արմենիան» ու «Արիսը» հաղթողին չորոշեցին

«Ալաշկերտ»– «Դեբրեցեն» հանդիպում
Հայկական ակումբները մեկնարկեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հուլիս 27 Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց հունգարական «Դեբրեցեն» թիմին։
Հանդիպման մեկնարկում հյուրերը ցույց տվեցին, որ շատ լուրջ են տրամադրվել «Ալաշկերտի» հետ արտագնա հանդիպմանը, ու մեկ րոպեի ընթացքում վտանգավոր երկու հարված կատարեց «Դեբրեցենի» ավագ Բալաժ Ջուջակը։ Ընդ որում` հարվածներից մեկը հետ մղվեց դարպասաձողից։ Մերոնք պատասխանեցին ոչ պակաս գրոհով ու նույնպես կարող էին բացել խաղի հաշիվը։
Առաջին կեսում ավելի վտանգավոր էր գործում «Դեբրեցենը», որի արագ գրոհներին երբեմն մեր ֆուտբոլիստները ուշ էին արձագանքում, ու միջին տարածություններից հարվածները Չանչարևիչի դարպասի ուղղությամբ բավականին վտանգավոր էին։ Բայց մեր ֆուտբոլիստները կարողացան գցել խաղի տեմպը ու «Դեբրեցենի» ակտիվությունը աստիճանաբար նվազեց։ Նման պայմաններում «Ալաշկերտը» մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց հունգարական թիմի դարպասին։ Բայց խաղն ընթանում էր առանց գոլերի։ Այդպես էլ թիմերը գնացին ընդմիջման։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Դեբրեցենը» առաջ անցավ հաշվի մեջ։ Ստեֆան Լոնչարը դիպուկ հարվածով առաջ մղեց հյուրերին։ Բաց թողած գոլից հետո Դավիթ Խորցիձեն երկու անգամ մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, սակայն երկու դեպքում էլ «Ալաշկերտի» ֆուտբոլիստը վրիպեց։ Հյուրերը նվազագույն առավելությունը պահպանելու համար անցան հակագրոհների մարտավարությանը` հիմնականում մեծ ուշադրություն դարձնելով պաշտպանության վրա։ Բայց այնպես չէ, որ «Ալաշկերտը» խաղային առավելություն ուներ կամ ճնշում էր մրցակցին։ Մեր թիմը գոլ խփել կարող էր, երբ «Ալաշկերտի» նորեկ Ֆատայը հարված կատարեց, բայց «Դեբրեցենի» դարպասապահը փրկեց իր թիմին։ Խաղավերջում անընդհատ գրոհում էր «Ալաշկերտը», բայց հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց։ Առաջին խաղում մերոնք պարտվեցին։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը «Դեբրեցենի» և «Ալաշկերտի» միջև կայանալու է մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 3-ին։
Իսկ ահա «Արարատ-Արմենիան» չկարողացավ առավելության հասնել հունական «Արիսի» նկտամամբ Կոնֆերենցիաների լիգա որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում։ Կողմերը մեկական գնդակ փոխանակեցին՝ 1։1։
«Արարատ-Արմենիա»– «Արիսի» հանդիպումը
Խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փորձում էին գնահատել մրցակցի հնարավորությունները։ Երկու կողմերն էլ արագ անցնելով խաղադաշտի կենտրոնը, անմիջապես փորձում էին սրել իրավիճակը մրցակցի տուգանային հրապարակում։ Հանդիպման 11-րդ րոպեին Արթուր Սերոբյանը հարձակման աջ եզրում կարողացավ շրջանցել մրցակցի ֆուտբոլիստին ու լայնակի փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակ, որտեղ Ուիլֆրիդ Էզան բոլորից հաջողակ գտնվեց ու բացեց խաղի հաշիվը։ Գոլից հետո «Արիսը» ակտիվացավ, և այդ ակտիվությունը շատ արագ հունական թիմին ապահովեց պատասխան հաջողությունը։ «Արարատ-Արմենիայի» պաշտպանները սեփական տուգանային հրապարակում «մոռացության» էին մատնել Լուիս Պալմային, որն էլ մոտ տարածությունից խփեց պատասխան գնդակը, հանդիպման 20-րդ րոպեին։
Երկրորդ խաղակեսում գոլ խփելուն ավելի մոտ էին Վարդան Մինասյանի սաները, բայց վերջին ու արդյունավետ հարվածը չէր ստացվում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների մոտ։ Բացի այդ խաղն ինչքան մոտենում էր ավարտին, այդքան զգացում էր հոգնածությունը մեր ֆուտբոլիստների մոտ։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, ոչ-ոքի՝ 1։1 արդյունքով, ու դիմակայությունում հաղթողը կորոշվի պատասխան խաղում։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը Հունաստանում «Արարատ-Արմենիան» անցկացնելու է ուղիղ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 3-ին։