Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն աջակցել է Բորելի` Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը

Անն Բուայոն
Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին հայտարարությանը։
Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը բառացի կրկնել է Բորելի հայտարարությունը։

«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»,– գրել է նա Twitter–յան էջում։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։