ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը լքել է Լատվիան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կասեմին Լատվիայի բանտից ազատ էին արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ։
«Մտավախություն ունենալով, որ քրեական հետապնդումը կարող է վերսկսվել` Մարատ Կասեմը օգտվել է հնարավորությունից և լքել երկիրը», – ռադիո Sputnik–ին ասել է Զախարովան։
Նրա խոսքով` ակնհայտ էր, որ Լատվիայի իշխանությունները լրագրողին հանգիստ չեն թողնի։
ՌԻԱ Նովոստին պարզաբանել է, որ նա լքել է երկիրը տուգանքը վճարելուց և իր` երկիրց դուրս գալու արգելքը հանելուց հետո։
Կասեմը Լատվիայի քաղաքացի է, մի քանի տարի է, ինչ ապրում և աշխատում է Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում, որի կազմում է նաև Sputnik Լիտվան։ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին լրագրողը Լատվիա է մեկնել ընտանեկան հանգամանքների բերումով։ Կասեմին ձերբակալել են, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանավորել է և տեղափոխել են Ռիգայի Կենտրոնական բանտ։ Հունվարի կեսերին Ռիգայի դատարանը Կասեմի խափանման միջոցը թողել էր նույնը, ներկայացված բողոքը մերժվել էր։
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Լատվիայում Կասեմի ձերբակալությունը դիկտատորական ռեժիմների վրեժխնդրությունն է նրա սկզբունքայնության համար և ահաբեկչություն է այլակարծության դեմ։ ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան Sputnik Լիտվայի գլխավոր խմբագրի ձերբակալությունն անվանել էր ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ և դիմել ՄԱԿ–ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարին։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, խոսելով Կասեմի ձերբակալության մասին, նշել էր, որ մեդիախումբը միջազգային հանրությանը կոչ է անելու արձագանքել և անել ամեն բան, որպեսզի Կասեմն ազատ արձակվի։ Ձերբակալությունը Կիսելյովն անօրինական է անվանել։