ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում «Արարատ – Արմենիայի» առաջիկա մրցակիցը նախորդից՝ ալբանական «Էգնատիայից», կարգով բարձր է: Նախախաղային ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
«Մենք վերլուծել ենք մրցակցի խաղը։ Միանշանակ այս թիմը «Էգնատիայից» բարձր է, այնտեղ 25 լեգեոներ կա, բայց ինչ-որ տեղ խաղաոճերով նման են»,- ասաց «Արարատ-Արմենիայի» մարզիչը:
Մինասյանը չցանկացավ խոսել որակավորման երկրորդ փուլում թիմերի շանսերի մասին։
«Այո՛, նրանք թղթի վրա ֆավորիտ են համարվում, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մեր մրցակիցն ընդամենը երկու ընկերական խաղ է անցկացրել, մենք՝ ավելի շատ», - ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի հունական «Արիսի» հետ: Հանդիպումը կկայանա 19:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։