ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ–ի անդամ երկրների նավերով Սև ծովում հացահատիկով բեռնված նավերի ուղեկցումը կխախտի Մոնտրյոյի կոնվենցիան, Թուրքիան վտանգավոր իրավիճակում կհայտնվի։ Այս մասին գրում է Milliyet թերթը։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ–ի զորքերի նախկին հրամանատար, ԱՄՆ ՌԾՈւ–ի պաշտոնաթող ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ի երկրները կարող են ուղեկցել Սև ծովում հացահատիկով նավերը և վտանգի դեպքում կրակ բացել Ռուսաստանի ՌԾՆ–ի ուղղությամբ։
«Նման քայլի իրագործումը կնշանակի Մոնտրյոյի կոնվենցիայի խախտում, իսկ Թուրքիան կարող է վտանգավոր իրավիճակում հայտնվել, եթե ՆԱՏՕ–ի նավերն անցնեն թուրքական նեղուցներով և Սև ծով դուրս գան», – նշել է թերթը։
Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպան և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Հուսեյն Դիրիյոզը քիչ հավանական է համարում ՆԱՏՕ–ի կողմից Սև ծովում հացահատիկով բեռնված նավերի ուղեկցման գաղափարի իրականացումը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարել էր, որ չի ցանկանում դաշինքի կազմ ընդունել մի երկրի, որը առճակատման մեջ է Ռուսաստանի հետ և իրավիճակը վերածել ՆԱՏՕ–Ռուսաստան հակամարտության։ Այդ պատճառով չեմ կարծում, որ այդ գաղափարը շատ համախոհներ ունենա», – ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ–ին անդամակցելուց բացի Թուրքիան որպես երկիր, որը իրականացնում է Մոնտրյոյի կոնվենցիայով դեպի Սև ծով հասանելիություն տրամադրելու ռեժիմը, պետք է հետագայում ևս զգույշ գործի այդ առումով։
«Մոնտրյոն պետք է անշեղորեն կատարվի։ Հացահատիկային գործարքն իրականացվել է ՄԱԿ–ի ղեկավարության ներքո, և ՄԱԿ–ը պետք է հետագայում ևս դեէսկալացիայի կենտրոնում գտնվի։ ՆԱՏՕ–ի մանդատը կայանում է նրանում, որ պահպանի և պաշտպանի դաշինքի երկրներին», – ասել է Դիրիյոզը։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն պահպանում է առևտրային նավերի` նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում, սակայն բոլորի համար տարբեր պայմաններ են գործում։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը 3 շաբաթ ժամկետով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան կարող է արգելել կամ սահմանափակել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։