ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել, Բրյուսելում Աղդամի մասով պայմանավորվածություն չի եղել: Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե Բրյուսելում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Սա ադրբեջանական նարատիվ է: Հայաստանն այս պահին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ստում է, որ Լաչինի միջանցքը բաց է, քանի որ բեռները հիմա այնտեղ են և անհնար է անցկացնել։ Գորիսի ամբարներում նույնպես շուրջ 500 տոննա հումանիտար բեռ կա, որը չի անցկացվել: Ադրբեջանի իշխանությունը մի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ փորձում է հրատապ, հայելային գործողություն անել` հրավիրում է Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին և պատմում, որ պատրաստ է թույլ տալ բեռներ տեղափոխել, բայց Բրյուսելում պայմանավորված ճանապարհով, ինչն իհարկե սուտ է»,– ասաց Մարուքյանը։
Նա հիշեցրեց` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպումից հետո իր հայտարարությունում ասել է, որ կարևոր է համարում Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով, իսկ պայմանավորվածության մասին ոչ մի խոսք չի եղել։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեսպանների հետ հանդիպմանն ասել է` Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի փակումն անընդունելի է։ Նա նշել է, որ դրա օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, որը կայացել է հուլիսի 15-ին Բրյուսելում։