ՀՀ–ԱՄԷ համատեղ մի շարք ծրագրեր գործնական փուլ կտեղափոխվեն

Անդրադառնալով համատեղ ստորագրված ոլորտային հուշագրերին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը կարևորել է հանդուրժողականության և համակեցության հուշագրերի դերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահաստատել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ փաստաթղթերի շրջանակում ամրագրված մի շարք ծրագրերի՝ գործնական փուլ տեղափոխելու հանձնառությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ–ի նորանշանակ դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլային: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղել ջանքերը խոցելի խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում։
Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
«Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին երկու տարվա ընթացքում ընթանում են սերտ համագործակցությամբ»,– ասել է նախարարը։
Այս համատեքստում նա շեշտել է նաև համատեղ իրագործված նախաձեռնությունների արդյունավետությունը և շարունակականության անհրաժեշտությունը՝ ուղղված հետպատերազմյան ժամանակահատվածում դրա կարիքն ունեցող քաղաքացներին, ինչպես նաև միածնող երեխաների մայրերին ու խոցելի այլ խմբերին։
Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Անդրադառնալով համատեղ ստորագրված ոլորտային հուշագրերին՝ նախարար Մկրտչյանը կարևորել է ԱՄԷ–իհանդուրժողականության և համակեցության, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարարությունների հետ կնքված հուշագրերի դերը։
«Դրանք նպատակ ունեն ապահովել Արաբական Միացյալ Էմիություններում ՀՀ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունը, խթանել հանդուրժողականության ու համակեցության արժեքների տարածումը և այլն»,– ասված է հաղորդագրությունում։
Դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան ևս կարևորել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄԷ–ի նորանշանակ դեսպանին