Անհետ կորածների ծնողները ժամանակավորապես բացեցին Բաղրամյան պողոտան

Անհետ կորածների ծնողները
Այս պահին ծնողները հանդիպել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը, որոնք վաղ առավոտից փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում, ժամանակավորապես բացեցին ճանապարհը։
Ոստիկանությունը ծնողներին 10 րոպե ժամանակ տվեց ճանապարհը բացելու համար, բայց տեսնելով նրանց վրդովմունքը` իրավապահները հրավիրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի հետ հանդիպման։
«Ոստիկանները մեզ հասկացրին, որ եթե ճանապարհը չբացենք, ստիպողաբար կբացեն, իհարկե, կորցնելու բան չունենք, բայց մենք որոշեցինք գնալ, տեսնել, թե ինչ կարող են առաջարկել»,- ասաց անհետ կորածի ծնող Անահիտ Ադոյանը։
Նա հավելեց, որ ծնողները կքննարկեն միայն Փաշինյանի հետ հանդիպման կոնկրետ օրն ու ժամը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է անհետ կորածների և զոհվածների ծնողների հետ։ Առաջիկայում եթե հանդիպում նախատեսվի, այդ մասին հրապարակային կտեղեկացվի։
Հիշեցնենք, որ զինծառայողների անհետ կորելու առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: