ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2024 թվականին կսկսվի Դիլիջանի և Պուշկինի ավտոմոբիլային թունելների հիմնանորոգումը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախնական նախագծի լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ այդ թունելները երբեք կապիտալ չեն վերանորոգվել։ Ըստ նախարարի` վարորդների համար խիստ կարևոր են լուսավորությունը և գծանշումները, բայց կան նաև մի շարք խնդիրներ, որոնք աչքի ընկնող չեն, բայց կարևոր են։
Հիմնանորոգման նախագիծը պատրաստ կլինի հաջորդ տարվա սկզբին, որից հետո կընտրվի կապալառու կազմակերպությունը։
«Վերանորոգման ընթացքում, իհարկե, թունելները որոշ ժամանակ փակ կլինեն։ Մենք կնախատեսենք աշխատանքային գրաֆիկ, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Բացի այդ, մենք արդեն վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերի միջեւ ընկած հին ճանապարհին, որը ժամանակավորապես կփոխարինի Դիլիջանի թունելին»,– ավելացրեց Սանոսյանը։
2024 թ. նախարարությունը կսկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել կամուրջների վերանորոգման աշխատանքներին։
Խորհրդային տարիներին կառուցված ճանապարհներն ու կամուրջները նախատեսված չեն եղել ծանրաքաշ մեքենաների` վերջին տարիներին ավելացած մեծ հոսքի համար։ Արդյունքում ճանապարհները չեն դիմանում նման ծանրաբեռնվածությանը, որոշ դեպքերում նույնիսկ փլուզումներ են տեղի ունեցել կամուրջների վրա:
«Այժմ պատրաստվում ենք ավելի ակտիվ ուսումնասիրել կամուրջների կմախքների վիճակը եւ աշխատանքներ տանել դրանց վրա»,– հայտարարեց Սանոսյանը:
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի համար նախարարությունը ներկայացրել է 347,5 մլրդ դրամի հայտ, որը մոտ 17%–ով ավելի է, քան 2023 թվականի համար։ 2024 թ. ճանապարհների շինարարության և վերանորոգման համար նախարարությանն անհրաժեշտ է 153 մլրդ դրամ։
Նշենք, որ Դիլիջանի թունելի կառուցումը սկսվել է 1970-ին։ Շինարարությունը վերսկսվել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով և ավարտվել 2000-ականների սկզբին: Թունելը կրճատում է Սևանից Դիլիջան ճանապարհը՝ շրջանցելով լեռնային մի շարք ոլորաններ։
Պուշկինի թունելը (Վանաձոր և Ստեփանավան քաղաքների միջև ընկած մայրուղու վրա) կառուցվել է 1960-ականների վերջին և 1970–ականների սկզբին։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ամենածախսատարը նախարարություններից մեկը ՏԿԵՆ–ն է, որը ծախսում է ՀՀ բյուջեի 10 տոկոսը։