Առաջին համաշխարհային պատերազմից հետո կայսրությունը սուլթան Մեհմեդ Վեցերորդի գլխավորությամբ հայտնվեց չափազանց ծանր վիճակում. Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իրենց վերահսկողության տակ էին վերցրել ոչ միայն կայսրության մաս կազմող Եգիպտոսը, Սիրիան և Պաղեստինը, այլև նույնիսկ Անատոլիայի մի զգալի մասը և Կոստանդնուպոլիսը։ Հունական բանակը գրավել էր Զմյուռնան, որի բնակչության զգալի մասը հույներ էին։ Թուրքիան քաղաքացիական պատերազմի եզրին էր, իսկ սուլթանը կորցրել էր համաժողովրդական աջակցությունը։ Ամենաբարենպաստ պայմաններն էին ստեղծվել հայերի համար՝ հիմնելու անկախ պետություն իրենց պապենական հողերում։ Բաց թողեցինք պահը։ Նաև այն պատճառով, որ ասպարեզում հայտնվեց վճռական և խարիզմատիկ լիդերը՝ Մուսթաֆա Քեմալը։
Մասնագետները, ըստ երևույթին, դեռ երկար, շատ երկար կշարունակեն վիճել պատմության ընթացքում անհատի դերի շուրջ։ Շատերը փորձում են նվազեցնել անձի դերակատարությունը` ապացուցելով, որ տվյալ իրադարձությունը, միևնույնն է, տեղի կունենար, նույնիսկ եթե չլիներ այսինչ գործիչը։ Միշտ պաշտպանել եմ ճիշտ հակառակ տեսակետը։ Ռուսաստանի պատմությունն այլ հունով կընթանար, եթե խեղճ դեկաբրիստները մի քանի ժամ շարունակ իզուր չկանգնեին Ձմեռային պալատի դիմաց` սպասելով այն համարձակ գործչին, որն այդպես էլ չհայտնվեց։
Չեխիան միգուցե բոլորովին այլ երկիր լիներ, եթե չլիներ Վացլավ Հավելը, որը պարզապես վարակեց ողջ ժողովրդին իր ազնվությամբ, պարկեշտությամբ ու իսկական մտավորականի կեցվածքով։ Վերջապես շատ դժվար է հիմա ասել՝ արդյոք հինգ տարի առաջ Հայաստանում կհաղթեր այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, եթե ապագա վարչապետը չնախաձեռներ քայլերթը Գյումրուց դեպի մայրաքաղաք։ Մի հարցրեք՝ բայց արդյոք Հայաստանը և Արցախը շահեցին դրանից։ Դա լրիվ այլ թեմա է, որի շուրջ երևի կարելի է վիճել մինչև Հիսուս Քրիստոսի երկրորդ հայտնությունը։
Կարելի է ենթադրել նաև, որ ուղիղ երկու տարի առաջ կայացած մեր արտահերթ խորհրդարանական ընտրություններում բոլորովին այլ արդյունք կարձանագրվեր, եթե ընդդիմությունն ունենար խարիզմատիկ և ժողովրդի վստահությունը վայելող առաջնորդ։ Է, կներեք, Օսմանյան կայսրության փլուզումից հետո նման մարդ Թուրքիայում էլ չկար։ Ու սկսվեց փնտրտուքը։ Դեռ մինչև վերջ չփլուզված կայսրության տարբեր ծայրերում սկսեցին ձևավորվել հայրենասիրական միավորումներ, որոնք այնուհետև թուրք պատմաբաններն անվանում էին «իրավունքների պաշտպանության ընկերություններ»։
Այս խմբավորումները զինվորականների կամ կրոնական գործիչների ղեկավարությամբ փորձում էին իրականացնել հասարակության ինքնակազմակերպումը այսպես ասած ներքևից և քարոզում էին մի գաղափար. «Ժողովուրդ, քանզի երկրի իշխանությունները սուլթանի ղեկավարությամբ մեր պետությունը տանում են դեպի անդունդ, շարքային քաղաքացիներն իրենց ձեռքը պիտի վերցնեն երկիրը պաշտպանելու և փրկելու գործը»։ Ու դա աշխատեց։
Չնայած այս շարժումը տարերային էր և մեկ միասնական կենտրոն չուներ, դրան ամեն օր միանում էին նորանոր մարդիկ՝ չինովնիկներ, սպաներ, հասարակ քաղաքացիներ, ինչի շնորհիվ հաջողվեց մի քանի լուրջ ընդվզում կազմակերպել իշխանությունների դեմ։ Բայց հասկանալի էր, որ իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ էր մեկ լիդեր։ Եվ այդ «հայրենասերների խմբակները» կամ «իրավունքների պաշտպանության ընկերությունները», օգտվելով ժողովրդի աջակցությունից, սկսեցին տեղական կոնգրեսներ կազմակերպել, որոնցում ընտրվում էին ապստամբության ղեկավարները։ Ահա այսպես ի հայտ եկավ Մուսթաֆա Քեմալը, որը շարունակեց հայերի կոտորածները և վերջնականապես թաղեց Անատոլիայում հայկական ինքնիշխան պետության ստեղծման գաղափարը։ Իրականություն չդարձավ նաև Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, ըստ որի` հայկական էին ճանաչվում Վանը, Բիթլիսը, Էրզրումը և Տրապիզոնը։
Ընդհանրապես Մուսթաֆա Քեմալը կազմ ու պատրաստ դիմավորեց 1922 թվականի աշնանը սկսված Լոզանի կոնֆերանսը, որը որոշելու էր Օսմանյան կայսրության ճակատագիրը։ Դրանից մի քանի օր առաջ սուլթան Մեհմեդ Վեցերորդը բրիտանական նավով փախավ Մալթա, բոլոր կառավարական ինստիտուտները, այդ թվում` բանակը, լիովին անցել էին Քեմալի վերահսկողության տակ, իսկ երբ որևէ մեկը փորձում էր ակնարկել, թե Թուրքիան այնուամենայնիվ Երկրորդ աշխարհամարտում պարտված պետություն է, որը պետք է պարտադիր ընդունի իրեն ներկայացրած պահանջները, Մուսթաֆա Քեմալն անմիջապես շատ կոշտ հակադարձում էր. «Կապիտուլյացիաներն ընդհանրապես անընդունելի են մեր ժողովրդի համար, քանզի կապիտուլյացիաներն անխուսափելիորեն ժխտում են պետությունը»։
Ու կներեք, որքան էլ տհաճ հնչի ոմանց համար, այնուամենայնիվ չի կարելի անտեսել ժամանակակից Թուրքիայի ստեղծման ժամանակ արտահայտած գաղափարները՝ մի ասեք, թե լիդեր չկա, նրան ուղղակի պետք է հայտնաբերել, մի ասեք, թե պարտությունից հետո ստիպված ես անվերապահորեն կատարել քեզ ներկայացված բոլոր ստորացուցիչ պայմանները, հակառակորդն անպայման պետք է զգա, որ դու ընդդիմանում ես։ Եվ վերջապես ամենակարևորը՝ միայն լիակատար անկախությունը և իսկական ժողովրդավարությունը թույլ կտան աղետի եզրին հայտնված երկրին հառնել մոխրից։