ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ՆԱՏՕ-ի չափանիշներին ուկրաինական զորքերի համատեղելիության ծրագրի մշակման մեկնարկի մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հավաքել եմ Գերագույն ռադայի ներկայացուցիչներին և պաշտոնյաներին, որ գործնական քայլեր նախապատրաստենք Վիլնյուսի գագաթնաժողովի որոշումների իրագործման համար․․. Մենք սկսում ենք նաև դաշինքի հետ համատեղ պատրաստել փոխհամատեղելիության ծրագիրը», - ասել է Զելենսկին:
Բացի այդ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը բոլոր մակարդակներում Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի գործարկման հստակ ծրագիր ունի:
ՆԱՏՕ-ի երկրները Լիտվայում կայացած գագաթնաժողովում հաստատել են Ուկրաինային աջակցության բազմամյա փաթեթը, որը բաղկացած է երեք կետից՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին ուկրաինական զինված ուժերի համատեղելիության հասնելու համար օգնության պլանը, Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծումը և Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու` Ուկրաինայի իրավունքի հաստատումն առանց անդամակցության հասնելու գործողությունների ծրագրի նախնական կատարման:
Միևնույն ժամանակ, դաշինքին Ուկրաինայի անդամակցության ոչ մի ժամկետ, ինչի մասին պնդում էր Կիևը, չի նշվել, ինչպես նաև չեն հիշատակվել պայմանները, որոնք պետք է բավարարվեն պաշտոնական հրավեր ստանալու համար: