ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնում է 400 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Անվտանգության ոլորտում օգնության նոր փաթեթը կազմում է 400 մլն դոլար։ Այն ներառում է լրացուցիչ զինամթերք ՀՕՊ - ի համար, հրետանային զինամթերք, զրահատեխնիկա, հակատանկային սպառազինություն», - ասված է հաղորդագրության մեջ:
Պենտագոնը պարզաբանում է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե Ուկրաինայի համար նոր զենք պատվիրելու, այլ ամերիկյան ռազմական պահեստներում արդեն առկա սպառազինությունն ուղարկելու մասին է:
Օգնության փաթեթում, մասնավորապես, ներառվել են 32 Stryker զրահապատ մեքենաներ, հրթիռներ Patriot և NASAMS զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաև HIMARS ՀԿՌՀ-ների համար։
Բացի այդ, ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի Stinger և Javelin զենիթահրթիռային համալիրներ, 155 և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, TOW հակատանկային հրթիռային համալիրների հրթիռներ, Hydra-70 չկառավարվող ավիացիոն հրթիռներ, մոտ 28 մլն փամփուշտ հրաձգային զենքի համար:
Պենտագոնի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինային 43 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։