ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ozon-ը ներկայացուցչություն է բացել Երևանում և գործարկել տեսակավորման կենտրոն։ Ընկերությունից նաև հայտնել են, որ ՀՀ–ում նախատեսում են հետագայում ընդլայնել սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը։
2000 քառ մետր մակերեսով լոգիստիկ օբյեկտը կապահովի պատվերների ընդունումը և մշակումը, դրանց ամբողջական փաթեթավորումը, ինչպես նաև կկարգավորի վերադարձի հետ կապված խնդիրները:
«Տեսակավորման կենտրոնի բացումը կհեշտացնի տեղի ձեռներեցների մուտքը ռուսական շուկա և թույլ կտա նրանց Ռուսաստանում Ozon–ի 37 մլն գնորդներից բաղկացած լսարանին ավելի արդյունավետ վաճառել իր արտադրանքը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները առաքել պատվերների ընդունման կետեր, որոնք տեղակայված են Երևանում և Հայաստանի այլ խոշոր քաղաքներում, իսկ Ռուսաստան ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի 5-8 օր: Միևնույն ժամանակ, ընկերությունն ապագայում նախատեսում է ընդլայնել պատվերների ընդունման և թողարկման սեփական կետերի ցանցը ամբողջ երկրում:
«Հայաստանից վաճառողներ ներգրավելու համար Ozon-ը նաև ներկայացուցչություն է բացել Երևանում։ Զարգացած լոգիստիկայի շնորհիվ ընկերությունը մտադիր է ընդլայնել իր տեսականին համաշխարհային տարբեր հարթակների այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են «կենցաղային ապրանքներ» և «հագուստ, կոշիկ, աքսեսուարներ»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Հուլիսի սկզբին մարկետփլեյսը Հայաստանում սկսեց Ռուսաստանից առաքված ապրանքների վաճառքը։ Բացի այդ, հարթակն ԱՊՀ-ում իր բիզնեսը զարգացնում է 2021 թվականից և արդեն ունի լոգիստիկ ենթակառուցվածքներ Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում։