Փաշինյանը եռակողմ հանդիպումների ֆորմատում ակնկալիք ունի միայն Հայաստանից ու գործընկերներից

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ հանդիպումը Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում լինի, միևնույնն է, օրակարգը դրանից չի փոխվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ ՀՀ–ն եռակողմ հանդիպումների ընթացքում կկարողանա խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի հարցում։ Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այսօր Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ–ի ԱԳ նախարարների հանդիպումից։
«Առանձին վերցված հանդիպումից ակնկալիք ունենալը... Մոսկովյան հարթակն է, թե ոչ մոսկովյան հարթակն է... Ես ակնկալիք ունեմ մեզանից, ՀՀ ԱԳ նախարարից ու իհարկե՝ մյուս գործընկերներից»,– ասաց նա։
Վարչապետը վստահեցրեց, որ հանդիպումը Վաշինգտոնում, Բրյուսելում , թե Մոսկվայում լինի, միևնույնն է, բանակցողները չեն փոխվում, չի փոխվում նաև օրակարգը, չեն փոխվում սկզբունքային հարցերը, խոսակցության տրամաբանությունը։ Բոլոր հանդիպումները, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեկը մյուսի շարունակությունն են` անկախ հարթակից։
Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։