Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը նիստ է հրավիրել

Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը։Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում քննարկվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Աշխատանքային խումբն արձանագրել է, որ հունիսի 15-ից ի վեր անհնար է դարձել մինչ այդ ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջոցով իրականացված խիստ սահմանափակ ծավալով հումանիտար բեռների տեղափոխումը:
Կարմիր խաչը կոչ է անում իր մարդասիրական շարասյուներին ճանապարհ տալ դեպի ԼՂ
Դրա պատճառով Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, դեղորայքի, բժշկական և հիգիենայի պարագաների, վառելիքի սուր պակաս, որը, գումարվելով էլեկտրականության մատակարարման խափանմանը, առողջապահական համակարգի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարմանը և գյուղատնտեսական աշխատանքների դադարեցմանը՝ հանգեցրել է աղետալի հետևանքների:
Արձանագրվել է ստեղծված իրավիճակի հատկապես ծանր ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի՝ երեխաների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և խրոնիկ հիվանդների վրա:
Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։