Կարմիր խաչը կոչ է անում իր մարդասիրական շարասյուներին ճանապարհ տալ դեպի ԼՂ

Կարմիր խաչի ավտոմեքենա
ԿԽՄԿ-ն հունիսի 15-ից մարդասիրական բեռներ չի տեղափոխում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ է անում ճանապարհ տալ իր մարդասիրական շարասյուներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

«Չնայած համառ ջանքերին` ԿԽՄԿ–ն այս պահին չի կարող Լաչինի միջանցքով կամ մեկ այլ երթուղով, այդ թվում` Աղդամով, մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը։ Կազմակերպությունը որոշում կայացնող համապատասխան անձանց կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ–ին վերականգնել իր հիմնական մարդասիրական գործողություններն այդ շրջանում», – ասված է հայտարարությունում։

Կազմակերպությունը հավելում է, որ վերջին անգամ Կարմիր խաչին թույլատրվել է բժշկական նշանակության առարկաներ և առաջին անհրաժեշտության սնունդ անցկացնել մի քանի շաբաթ առաջ։
ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը ԼՂ
«Մարդասիրական օգնությամբ մեր ավտոշարասյուները փրկօղակ են այդ տարածաշրջանի բնակչության համար։ Քանի որ այդ շարասյուներն արգելափակված են, մենք մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք ամենից շատ անհանգստանում ենք նրանց համար, ովքեր չեն կարող օգնել իրենց։ Հատկապես ռիսկի են ենթարկված հիվանդներն ու խրոնիկ հիվանդություններով մարդիկ, ինչպես նաև ծերերը, անօգնական մարդիկ և երեխաները։ Որպեսզի կարողանանք գործել այստեղ, մեզ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը մարդասիրական կոնսենսուսի հասնեն։ Այս աշխատանքը կյանքեր փրկելուն է ուղղված, և պետք է թույլատրվի, որ այն շարունակվի», – մեջբերվում է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերի խոսքը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։
Դրանից հետո ԿԽՄԿ–ն 3 անգամ է հիվանդներ տեղափոխել։