ՌԱԴԻՈ

Ինչպես է անցել քննաշրջանը շրջափակված Արցախում. ներկայացնում է ԿԳՄՍ նախարարը

Արցախի շրջափակումն իր բացասական և ծանր ազդեցությունն ունեցել և շարունակում է ունենալ կրթության մակարդակի վրա։
Sputnik
Չնայած ծանր պայմաններին` շրջափակված Արցախում քննական շրջանն անցկացվել է բարձր մակարդակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը` ամփոփելով քննաշրջանը։
Նրա խոսքով` թեպետ շրջափակման պայմաններում կազմակերպչական որոշակի խնդիրների են բախվել, սակայն կարողացել են դրանք հաղթահարել։
«Քննաշրջանը անցել է բավարար մակարդակով, երկու փուլով` հիմնական և լրացուցիչ։ Լրացուցիչն ավարտվել է հուլիսի 9–ին։ Ունենք ընդունված դիմորդներ, որոնք պատրաստվում են իրենց ուսումը սկսել ՀՀ–ի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատություններում»,–ասաց նախարարը։
Մկրտչյանը հայտնեց, որ դիմորդների քանակը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ գրեթե նույնն է եղել, սակայն մի շարք մասնագիտությունների թափուր տեղերը այդպես էլ չեն լրացվել։ Մասնավորապես խոսքը վերաբերում է բնագիտական առարկաներին` ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն (այս բաժինները գրեթե դիմորդներ չեն ունեցել)։
Մյուս մասնագիտությունների մասով էլ թեպետ որոշակի մրցակցություն եղել է, սակայն չի կարելի այն մեծ կամ բուռն որակել։ Դա էլ իր պատճառաբանությունն ունի։
«Այստեղ մտահոգությունը կապված է այն փաստի հետ, որ հունիսի 15–ից հետո լիակատար շրջափակման խնդիրներն ու դրանից առաջ դեկտեմբերից սկսած շրջափակումը իրենց բացասական ազդեցությունն են թողել նաև մեր երիտասարդության հոգեբանության վրա. նրանցից շատերը չեն դիմել, մտածում են ինչ անել, երկմտանքի մեջ են, դրա համար ունենք նման խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է անցել»,–ասաց Արցախի ԿԳՄՍ նախարարը։
Ինչ վերաբերում է ՀՀ և արտասահմանյան բուհեր ընդունված դիմորդներին, Մկրտչյանն ընդգծեց, որ բարդ խնդիր է այդ ուսանողների համար ուսումնական գործընթացը ապահովելը, սակայն բոլոր հնարավոր միջոցներով փորձելու են նրանց տեղափոխության հարցը կազմակերպել։ Նա նշեց, որ դրա համար կան մի քանի տարբերակներ, սակայն չցանկացավ փակագծեր բացել։ Իսկ եթե այդ տարբերակները հնարավոր չլինի իրագործել, ապա կա այլընտրանքային տարբերակը` հեռավար ուսուցումը։
Անդրադառնալով Արցախում կրթության ներկա վիճակի մասին` նախարարը նշեց, որ շրջափակումը իր բացասական և ծանր ազդեցությունը միանշանակ ունեցել է և շարունակում է ունենալ կրթության մակարդակի վրա։
«Բացասական ազդեցությունը կա, բայց փորձելու ենք հաղթահարել, որպեսզի մենք աշխատենք, պահպանենք կրթության գործընթացը, այլ ելք չկա։ Չենք էլ դիտարկում, որ ինչ-որ բաներից հրաժարվենք կամ հետաձգենք դասապրոցեսը։ Հաստատակամորեն նախապատրաստվելու ենք սեպտեմբերի 1–ի նոր ուսումնական տարվան»,–հավելեց նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։