Ի՞նչ է քննարկել Միրզոյանը Լավրովի հետ

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
ՀՀ ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպման մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը, որին հաջորդել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը։ Եռակողմ փակ հանդիպումից առաջ ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդացնում է բանակցային գործընթացը:

«Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը, սննդի և դեղորայքի բացակայությունը, կոնկրետ քայլերի հրատապությունը»,– գրել է Բադալյանը Twitter-ում։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։
Դրանից հետո ԿԽՄԿ–ն 3 անգամ է հիվանդներ տեղափոխել։