ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ոչ մի կապ չունի այն բանի հետ, որ կալանքի տակ են նախկին պաշտոնյաններ։ Այս մասին նա հայտարարեց այս մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են շարունակում կալանավորված մնալ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, գեներալ–մայոր Գրիգոր Խաչատուրովն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, եթե նրանց վերագրվող մեղքը ապացուցված չէ։
«Ես ինչ կապ ունեմ էտ ամեն ինչի հետ։ Մարդը կատարել է արարք, որը քրեական օրենսգրքով պետք է հասցեագրվի, կալանքն էլ խափանման միջոց է, ոչ թե դատավճիռ։ Այո՛, դուք ճիշտ եք, ոչ մեկի մեղքն ապացուցված չէ, քանի դեռ չկա մեղադրական դատավճիռ, ես ի՞նչ մեկնաբանեմ սա։ ՀՀ քրեական օրենսգիրք կա, դատական համակարգ կա, որը նշեցինք, որ ամենակատարյալը չի, բայց ձեր նշած գործերի վերաբերյալ ես մեկնաբանություն չունեմ»,– հայտարարեց նա։
Վարչապետն այս համատեքստում հիշեցրեց 2020 թ.–ից հետո տեղի ունեցող իրադարձությունները, երբ հանրությունը նրանից պահանջում էր քննել Շուշիի անկման հանգամանքները, բայց դեմ էին գործով մեղադրյալի կալանավորմանը։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
«Ես հիմա չեմ հասկանում՝ Շուշիի անկման դրվագը ուզում եք որ քննվի, թե չեք ուզում, որ քննվի։ Թե Շուշիի անկման դրվագը ուզում ենք, որ քննվի այն դեպքում, եթե պարզվի, որ պոտենցիալ մեղադրյալը ես եմ, եթե ես չեմ` արդեն էական չէ՞»,– ասաց Փաշինյանը։
Նա հարց տվեց լրագրողին, թե ինչ նկատի ունի նա, երբ վերոհիշյալ մարդկանց անվանում է քաղբանտարկյալ։ Ինչին ի պատասխան լրագրողն ասաց, որ այդ սահմանումը ՄԻԵԴ–ը վաղուց է տվել։
«Վայ, ինչ լավ է հիշեցրիք դա, ուրեմն բացառվում է, որ այդ մարդիկ լինեն քաղբանտարկյալ»,– ասաց նա։
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տարեդարձը։