Երևանում օտարերկրացի կինն օժանդակել է, որ իր հետ համատեղ ապրող կնոջը կողոպտեն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
36–ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին ավազակային հարձակման է ենթարկվել իր հետ ապրող 36–ամյա կնոջ օժանդակությամբ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ վերջինս Բելառուսի քաղաքացի է։
Պարզվել է, որ հուլիսի 20–ի վաղ առավոտյան դիմակավորված երկու երիտասարդ, աղջիկ ներկայանալով, մուտք են գործել Երևանի բնակչուհու բնակարան, հարվածել ծոծրակին, կողպել սենյակում և հափշտակել նրա թանկարժեք բջջային հեռախոսը, 720.000 դրամ, 350 եվրո և 400 դոլար:
Հանցագործություն կատարած 3 անձինք Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են՝ 28–ամյա և 22–ամյա տղամարդիկ և 36-ամյա մի կին, որը 28–ամյա տղամարդու քույրն է:
Դեպքից անմիջապես հետո երկու տղամարդիկ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով հատել են ՀՀ պետական սահմանը և Երևան-Մոսկվա չվերթով մեկնել Հայաստանից։ Իսկ նրանց հանցավոր արարքին առերևույթ օժանդակած կինը ձերբակալվել է:
Նշված տղամարդկանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակություն, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով), իսկ կնոջ նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածով (հանցակցություն):
Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ–ում 32–ամյա տղամարդը 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է արել. մանրամասներ