Երևանի բնակիչը առցանց եղանակով 338 մլն դրամ է հափշտակել պետությունից և բանկերից

Համակարգչի դիմաց նստած տղամարդ
Քննիչները պարզել են հափշտակության մեխանիզմն ու տուժածների շրջանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Մասնագիտությամբ հաշվապահ անձը առցանց եղանակով, ֆինանսական գործառնությունների խեղաթյուրմամբ պետությունից և բանկերից 338 մլն դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, տիրապետելով ՀՀ հարկային օրենսդրությանը, աշխատակցել է 2021 թվականի դեկտեմբերից գործունեությունը ժամանակավոր դադարեցված ՍՊԸ–ին և ունեցել է ՊԵԿ հարկային միասնական հաշվին, ինչպես նաև ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարներին հասանելիություն։
Օգտվելով քարտային համակարգի կողմից քարտային գործարքների բնականոն ընթացքն ապահովող ծրագրային ապահովման վրիպակից՝ նա հայաստանյան բանկերից մեկի կողմից իր անվամբ թողարկված վիրտուալ բանկային քարտի հաշվին ունեցած ընդամենը 998.000 դրամ գումարը 29 անգամ փոխանցել է նշված ՍՊԸ-ի՝ իր տնօրինությամբ գործած ՊԵԿ հարկային միասնական հաշվին։
Արդյունքում նշված ՍՊԸ–ի հարկային հաշվին գոյացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.320.000 դրամի հարկային գերավճար։ Հետագայում, տվյալ անձի դիմումի համաձայն, ՊԵԿ-ից նշված գումարը փոխանցվել է ՍՊԸ–ի բանկային հաշվեհամարներին, որը 31-ամյա անձը կանխիկացրել է և հափշտակել։
Բացի այդ, նույն անձը 2020թ․ հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված տարբեր տնտեսվարող սուբյեկտներին հաշվապահական ծառայություններ մատուցելու ընթացքում իրեն ավելացրել է մի շարք հարկ վճարողների էլեկտրոնային համակարգերում՝ որպես առցանց լիազոր։
ՊՆ պաշտոնյաներն առանձնապես խոշոր չափերի գումարներ են հափշտակել
Հետո նա, խեղաթյուրելով իրականությունը, հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի հաշվարկներում և ներմուծման հարկային հայտարարագրերում էլեկտրոնային եղանակով կատարել է ոչ հավաստի, իրականությանը չհամապատասխանող ճշտումներ, որոնց արդյունքում այդ հարկ վճարողների մոտ առաջացել են գերավճարներ։
Այս եղանակով թվով 56 հարկ վճարողների հաշվետվություններում կատարելով կեղծ ճշտումներ՝ ՀՀ ՊԵԿ միասնական հաշվից նա հափշտակել է ՀՀ–ին պատկանող ընդհանուր 313.082.031 դրամ գումար:
Նախաքննության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և երկու բանկեր ճանաչվել են տուժող:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափով խարդախություն) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային հափշտակություն խոշոր չափով)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Երիտասարդը Երևանում վարձով բնակարաններ տրամադրելու պատրվակով 14 մլն դրամ է հափշտակել