Եկեք համախմբվենք. Երևանում և Ստեփանակերտում հանրահավաքներ են մեկնարկել

Ի նշան միասնության Ստեփանակերտում հնչեց ՀՀ օրհներգը, իսկ Երևանում` Արցախի օրհներգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել են Արցախի անվտանգությանը նվիրված հանրահավաքներ։
Երևանի Ազատության հրապարակ
«Մենք Արցախն ենք» նախաձեռնության խմբի անդամ Լիանա Պետրոսյանը Ազատության հրապարակից տեսակապի միջոցով միացավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին` հայտարարելով, որ Մայր Հայաստանն իրենց կողքին է և նրանք մենակ չեն։
«Աշխարհասփյուռ հայությո՛ւն, Արցախը միայն լուսանկարվելու, իսկ արցախցին` գովազդվելու համար չէ։ Ճիշտ ժամանակն է ապացուցել ձեր սերը հայրենիքի նկատմամբ։ Եկեք համախմբվենք, կանգնենք Արցախի ու արցախցու կողքին»,–ասաց նա։
Ի նշան միասնության` Ստեփանակերտում հնչեց ՀՀ օրհներգը, իսկ Երևանում` Արցախի օրհներգը։
Հիշեցնենք` երեկ «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները, միանալով համաժողովրդական շարժմանը, մի քանի րոպեով փակել էին Երևանի մի շարք փողոցներ, հանրության ուշադրությունը կենտրոնացնելով Լաչինի միջանցքի խնդրին։
Ակցիաների ավարտին նրանք քաղաքացիներին կոչ արեցին այսօր` հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում: