Դադարեցվել է Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը. փաստաբան

Սուրիկ Խաչատրյան
Փաստաբանը համոզված է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հետապնդում նախաձեռնողները վաղ թե ուշ դատվելու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Դադարեցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը)։ Մեղադրանքը վերաբերվում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։
«Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում` 2 ամսով կալանավորումը, ուներ միմիայն և բացառապես քաղաքական ենթատեքստ։ Առավել քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ թե ուշ դատվելու են»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին ձերբակալել էին մայիսի 30-ին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել։