ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Եթե ուժի համաշխարհային կենտրոնները Արցախի համար կեղծ կայունությունը գերադասում են իրականից, ուրեմն նրանք չեն հասկանում, թե որքան հեռուն կարող են գնալ դրա հետևանքները։ Այս մասին EVN Report պարբերականում տպագրված իր հոդվածում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մնացականյանը հավելել է, որ հարցի լուծումը կողմերից միայն մեկի հաշվին, կարող է ոչ թե հարթել անկայունությունը, այլ սրել ու տարածել այն, ինչը որևէ մեկի, այդ թվում՝ հենց համաշխարհային տերությունների շահերից չի բխում։
Անտեղյակ ընթերցողի համար Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու իրավունքները Ադրբեջանի իրավազորության ներքո,կարող են միանգամայն նորմալ հնչել։ Յոթ ամիս տևած տոտալ շրջափակման և խորացող հումանիտար աղետի պայմաններում Աղդամով դեպի Ադրբեջան տանող ճանապարհն օգտագործելու առաջարկը ևս կարող է նորմալ թվալ մարդասիրական հարցերը լուծելու համար:
«Կրկնում եմ՝ անտեղյակ ընթերցողի համար այդպես է, բայց Եվրամիության կամ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչներին դժվար է անտեղյակ համարել։ Իհարկե, կարելի է ենթադրել, որ լավատեղյակ չինովնիկների նրանց հաշվարկներում գերակայում է տարածաշրջանում ամեն գնով կայունության հաստատումը։ Այս հաշվարկը սխալ է: Իրական և հաստատուն կայունությունը պատրանքային է, եթե որևէ մեկը ենթադրում է, որ դրան կարելի է հասնել կողմերից միայն մեկի՝ Ղարաբաղի ժողովրդի հաշվին։ Այդ կերպ կարելի է ստեղծել նոր անկայունության հիմքեր ՝ տարածման ռիսկերով»,- հայտարարել է Մնացականյանը։
Հենց սկզբից էլ Բաքուն չի թաքցրել Ադրբեջանում հայերի ճակատագրի վերաբերյալ մտադրությունները թե՛ խոսքով, թե՛ գործով։ Հայատյացությունը (թե՛ ընդհանրապես, թե՛ Արցախում՝ մասնավորապես) ինստիտուցիոնալ քաղաքականություն և հարմար գործիք է դարձել Բաքվի բռնապետների համար։ Որպես հարմար թշնամիներ՝ հայերը միջոց են ծառայում հասարակության ուշադրությունը ռեժիմին սպառնացող ներքին խնդիրներից շեղելու և բռնաճնշումներն ու Ադրբեջանում արմատացած բռնապետական ավանդույթներն արդարացնելու համար:
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է համոզել աշխարհին, որ պատմականորեն, քաղաքական և իրավական առումով այնպիսի սուբյեկտ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, չի եղել։ Նրանք «պաշտպանում են» այն գաղափարը, որ հայերը թողնեն իրենց տները, և չեն թաքցնում Արցախը 120–հազարանոց հայ բնակչությունից շատ ավելի մեծ թվով ադրբեջանցիներով բնակեցնելու մտադրությունները։
Նրանց հռետորաբանության հիմնական կետերից մեկը Ղարաբաղում Ռուսաստանի անվճռականությունն է (որն իր վրա է վերցրել այնտեղ ապրող հայերի անվտանգության պատասխանատվությունը)։
Բացի այդ, մշտապես ուժ են կիրառում Ղարաբաղի դեմ և խանգարում են այնտեղ նորմալ կյանք հաստատել։
Ուժի և հարկադրանքի կիրառումը քողարկվում է վերաինտեգրման, տարածաշրջանային խաղաղության և կայունության մասին դեմագոգիայով։ Մնացականյանի խոսքով՝ Աղդամով մարդասիրական միջանցք առաջարկելը նման է կտտանքների ժամանակ մարդուն մեկ բաժակ ջուր առաջարկելուն։ Դա անբարոյականություն է, էլ չասած, որ հակասում է միջազգային իրավունքին։
«Պետք չէ գուշակ լինել՝ հասկանալու համար նման գործողությունների հետևանքները ռեժիմի կողմից, որը հայտնի է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, սեփական ժողովրդի նկատմամբ տոհմային գերիշխանությամբ։ Կարելի է պարզապես ձևացնել, թե չես նկատում դա»,-հավելել է նա։
Տարածաշրջանում միջազգային քաղաքական ուժերի մրցակցությունը սրվել է, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմը սկսվելուն պես։ Էներգետիկ անվտանգության և տրանսպորտային կապերի վերաբերյալ նկատառումները նույնպես իրենց դերն ունեն:
«Բայց արդյոք ամեն գնով կայունությունը կօգնի համաշխարհային ուժերին»,-հարցնում է Մնացականյանը։
Մոտ 30 տարի Ինդոնեզիայի նախագահ Սուհարտոն մանիպուլացնում էր համաշխարհային ուժերին, որոնք անհանգստանում էին այդ երկիր ԽՍՀՄ-ի կամ Չինաստանի ներխուժման համար: Անհանգստանալով այդ մասին՝ նրանք ոչ մի հետաքրքրություն չէին ցուցաբերում Արևելյան Թիմորի բնակիչների համար մշտական գոյաբանական սպառնալիքի նկատմամբ: Անխոնջ դիմադրության ու հազարավոր մահերի գնով ազատությունը ձեռք բերվեց։
«Մի՞թե պետք է, որ Արցախում անելանելիությունն ու հուսահատությունը պահպանվեն ևս 20 տարի, և որ պայքարը շարունակվի։ Դեռ քանի՞ մահ է պետք ազատության և արժանապատիվ կյանքի իրավունքն արդարացնելու համար»,–ասում է Մնացականյանը։
Ուժի համաշխարհային կենտրոններում ազգային շահ հետապնդող ցանկացած իրազեկ քաղաքական գործչի համար Հարավային Կովկասում հաստատուն կայունությունը պահանջում է գործողություններ:
Նախկին նախարարը նշել է` միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանը պատրաստ է անկեղծ ջանքերի՝ մարդասիրական աղետը վերացնելու համար։ Դրան հասնելու համար միջազգային ճնշում է պետք, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գործողության ամենաարդյունավետ հարթակն՝է, որտեղ պետք է ցույց տալ Ղարաբաղի դեմ ներկայիս քաղաքականության անկայունությունը:
Խորհուրդը, հիշեցրել է նա, դրա համար հարկավոր իրավական և քաղաքական գործիքակազմն ունի։ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հնգյակում են տարածաշրջանում ուղղակի շահեր ունեցող պետությունները։
«Որքան էլ խորը լինի նրանց միջև դիմակայությունը, Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ միասնական դիրքորոշման ձևավորումը հույսի շող կտա, որ խաղաղության համար միջազգային պատասխանատվությունից դեռ ինչ-որ բան մնացել է։ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցությունները չեն կարող կայուն լինել, եթե դրանք տարանջատենք Արցախի մարդասիրական ճգնաժամից»,-հայտարարել է Մնացականյանը։
Մինչև օրս Ադրբեջանը ՄԱԿ-ից թաքնվում էր իր ինքնիշխանության մասին հռետորաբանությամբ։ Սակայն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` գլխավոր քարտուղարը մանդատ ունի Անվտանգության խորհրդին ներկայացնելու այն հարցերը, որոնք նա կրիտիկական է համարում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար:
Արցախում կատարվողը մարդասիրական ճգնաժամ ճանաչելուց հրաժարվելը այդպիսի հարցերից մեկն է։ Որպեսզի գլխավոր քարտուղարը նման կարծիք ձևավորի, անհրաժեշտ է ՄԱԿ-ի ներկայությունը տեղում։ Ադրբեջանի դիմադրությունը հաղթահարելու համար գլխավոր քարտուղարը կարող է այդ նպատակով ԱԽ մանդատ պահանջել, ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկել այնտեղ։
Վերջապես Ղարաբաղի (որպես դե ֆակտո քաղաքական միավորի) և Ադրբեջանի միջև բանակցությունների գործուն և միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը, որտեղ ուղղակիորեն կշոշափվեն, այլ ոչ թե կսահմանափակվեն, Արցախի ժողովրդի ազատության և իրավունքների հարցերը, անխուսափելի առաջնահերթություն է:
Միջազգային համագործակցությունը կենսական նշանակություն ունի կողմերի անհավասար կարգավիճակը հավասարակշռելու համար: Առանց նման միջնորդության այս երկխոսությունը դժվար կլինի բանակցություններ անվանել։ Ադրբեջանն ուղղակի իր վերջնագրերը խփելու է սեղանին։ ՄԱԿ-ը՝ ի դեմս հատուկ էմիսարի, կարող է հարցի լուծում դառնալ։
Այս նվազագույն գործողությունները, Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ բանակցությունների հետ մեկտեղ, կարող են իրական կայունության, այլ ոչ թե կեղծ խաղաղության հիմքեր ստեղծել: Մնում է հուսալ, որ համաշխարհային աշխարհաքաղաքական մրցակիցները կհասկանան անկայունություն հրահրելու վտանգը։