ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում, մնում է ամենազգայուն հարցը:
Այս մասին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դրա արդյունավետությունը (խոսքը հռչակագրի մասին է, - խմբ.) այսօր հաստատվել է ադրբեջանական և հայկական ղեկավարության կողմից ։ Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը տարվում է դրան համապատասխան։ Հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին շուտափույթ հանդիպումներ ունենալ ադրբեջանական ներկայացուցիչների հետ ՝ համաձայնեցնելու համար համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում ՝ Ադրբեջանից) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները», - նշել է Լավրովը։
Նրա խոսքով ՝ ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է երաշխիքներ տրամադրել իր տարածքում բնակվող անձանց: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։
«Հարցերը հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն այս և այլ ոլորտներում դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին»,- ասել է Լավրովը։
Նա նշել Է, որ ընդհանուր առմամբ արտգործնախարարների բանակցություններն օգտակար են եղել։
Լավրովն ընդգծել է, որ այս փուլում գրանցված արդյունքը եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումն է` կապված տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցման հետ։
«Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ», - ասել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են փորձել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև, ինչպես նաև հույս են հայտնել խորհրդարանականների գծով եռակողմ երկխոսություն սկսելու մասին:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։