ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանին ներկայացված մեղադրանքը լրացվել է և նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես ի հայտ են եկել նոր դրվագներ և հանգամանքներ` Ղուկասյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:
«Ղուկասյանը 2021 թ. «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, ինչպես նաև «Յութուբ» և «Ֆեյսբուք» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ բռնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ղուկասյանը մի դեպքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ, իսկ մյուս դեպքում՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Ա․ Գալստյանի, Կ․ և Լ․ Ղուկասյանների հետ նախնական համաձայնությամբ երկու տարբեր անձանց և նրանցից մեկի մերձավոր ազգականների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2021 թ. և 2022 թ. ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Վարդան Ղուկասյանին ներկայացված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածների հատկանիշներով (այդ թվում՝ (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք ու շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։
Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։
Հիշեցնենք, որ մայիսի 25–ին մեղադրանք էր առաջադրվել Վարդան Ղուկասյանին, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանին, ինչպես նաև երկու այլ անձանց` խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից (Տիգրան Արզաքանցյան– խմբ.) 53.806.500 դրամին համարժեք 110.000 դոլար գումար շորթելու համար։