Իրազեկման ակցիա Երևանում. «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները փակում են փողոցները

Ակտիվիստները փակում են փողոցները
Ակցիաների նպատակն է քաղաքացիներին իրազեկել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանում իրազեկման ակցիաներ են սկսվել. «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները, միանալով համաժողովրդական շարժմանը, մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկը:
Նրանց ձեռքներին պաստառներ են, որոնց վրա գրված է` «Մենք Արցախի կողքին ենք», «Բացե՛ք կյանքի ճանապարհը»։
Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց կարճաժամկետ ակցիաների նպատակն է Հայաստանի քաղաքացիներին, երևանցիներին իրազեկել, թե ինչ վիճակում են Արցախի մեր հայրենակիցները:
«Մենք կարող ենք 5 րոպեով արգելափակել երթևեկությունը, որպեսզի քաղաքացիներին տեղեկացնենք, թե ինչ է կատարվում Արցախում», - լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակը մեկն է` հնարավորինս շատ քաղաքացիներ միանան իրենց։
Պետրոսյանը հետագա գործողությունների մասին մանրամասներ չհայտնեց։
Շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին նաև Խանջյան և Գրիգոր Լուրսավորչի փողոցները։
Նրանք ակցիան ավարտեցին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում և քայլերթով հասան Հանրապետության հրապարակ` քաղաքացիներին կոչ անելով հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։