Իրանը երբեք կողմ չի եղել Ադրբեջան–Նախիջևան հաղորդակցության արգելափակմանը. ԱԳ նախարար

Խոսելով հայ-իրանական նախագծերի իրականացման մասին` Աբդոլլահիանը կարևորել է «էլեկտրականություն-գազ» բարտերի ընդլայնումը, ինչպես նաև Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանը երբեք կողմ չի եղել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության արգելափակմանը։ Այս մասին Թեհրանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ նա նշել է, որ և՛ Թեհրանը, և՛ Երևանը շեշտում են, որ այդ ճանապարհները կարևոր են և պետք է գործեն:
ՀՀ-ի համար վիճարկման ենթակա չէ Իրանի հետ պետական սահմանի անքակտելիությունը. Միրզոյան
Աբդոլլահիանի խոսքով` Իլհամ Ալիևը հավաստիացրել է, որ մտադիր չէ այդ հարցում «Զանգեզուրի միջանցք» կամ այլ խոչընդոտներ ստեղծել Հայաստանի համար:
Անդրադառնալով հայ-իրանական նախագծերի իրականացմանը՝ Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը լրջորեն աշխատում է` երկու երկրների ապրանքաշրջանառությունը հասցնելու մինչև 1 մլրդ դոլարի, իսկ հաջորդ փուլում՝ մինչև 3 մլրդ դոլարի։
Ի դեպ, 2022 թ արդյունքներով ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 710 մլն դոլար։
Նա հատուկ նշել է էլեկտրաէներգիայի դիմաց գազի բարտերային մատակարարումների ծավալներն ընդլայնելու մտադրությունը։ Ի թիվս այլ նախագծերի՝ նա նշել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում, նա հանդիպել և առանձնազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի և Իրանի նախագահի հետ։