ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և Կովկասյան տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն։ Թեհրանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Մեհրնյուզը»։
«Իրանն աջակցում է կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,– ասել է Ռայիսին։
Ռայիսին նաև հայտարարել է, որ արտաքին միջամտությունը միայն բարդացնում է տարածաշրջանային խնդիրների լուծումը, այդ պատճառով խնդիրները հենց իրենք՝ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն։
«Աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին՝ Իրանը հուսով է, որ այդ բանակցությունները հնարավորինս կստեղծեն և կամրապնդեն խաղաղություն, անվտանգություն և հանգստություն տարածաշրջանում»,- հավելել է նա։
Ռայիսին նշել է, որ Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար։
Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների հարթակ և միշտ կարևորում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնումը։
ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր մեկնել է Թեհրան և արդեն հանդիպել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։