Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլին

Իրանի ԱԳՆ շենքը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Հարավային Կովկասի հարցը Թեհրանի համար նշանակալի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, հայտնում է իրանական IRNA-ն։
«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին»,-ասել է նա։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցը Թեհրանի համար նշանակալի հարց է և հավաստիացրել է, որ Իրանը պատրաստակամ է նպաստել Կովկասում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր մեկնել է Թեհրան։
Նասեր Քանաանին հայտնել է, որ Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն էներգետիկայի, տնտեսության ոլորտներում համագործակցության, հյուպատոսական ծառայություններին վերաբերող հարցեր։