«Ձեռքերս արյունոտ են». ատոմային ռումբ ստեղծողը պայքարում էր ջրածնային ռումբի մշակման դեմ

Ռոբերտ Օպենհայմերը. Արխիվային լուսանկար
Sputnik
Երբ 1945 թվականի հուլիսին Ամերիկայի Նյու Մեքսիկո նահանգի անապատում փորձարկվեց առաջին ատոմային ռումբը, այդ մահաբեր զենքի ստեղծողը՝ Ռոբերտ Օպենհայմերը, մի տող արտասանեց հին հնդկական «Բհագավադգիտա» գրքից. «Հիմա ես ինքս եմ Մահը, որը աշխարհներ է կործանում»։ Համաձայնեք, միջուկային ռումբի «հայրն» իրավացի էր։ Ինչպես նկատել է ամերիկացի մեկնաբաններից մեկը, մարդկության պատմության մեջ Օպենհայմերի գլխավոր ներդրումը՝ մարդկության ոչնչացման համար նախատեսված զենքի ստեղծումն էր»։
Սկզբում Օպենհայմերը չէր կարողանում թաքցնել իր հպարտությունը։ Իրավունք ուներ՝ շատերը համոզված են, որ նա հանճարեղ գիտնական է։ Ընդամենը 23 տարեկան էր, երբ ստացավ դոկտորի աստիճան։ Ընդ որում, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ֆրանկը պատմում էր. «Հազիվ դուրս թռա լսարանից, որովհետև փոխանակ մենք թեկնածուին հարցեր տայինք, այդ երիտասարդն ինքը սկսեց խեղդել մեզ այնպիսի հարցերով, որոնց չէինք կարողանում պատասխանել»։
Օպենհայմերն իրոք շատ հայտնի դարձավ գիտական շրջանակներում, սակայն այդպես էլերբեք Նոբելյան մրցանակ չստացավ, և դա ամենեւին զարմանալի չէ։ Զարմանալի կլիներ, եթե Նոբելյան կոմիտեն սկզբից մրցանակ շնորհեր տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ դարձած ատոմային ռումբի ստեղծողին, իսկ մի քանի օրից հրապարակեր խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Սակայն պետք է խոստովանենք, որ պատերազմներն ընդհանրապես արմատապես փոխում են մարդկային բոլոր արժեքներն ու պատկերացումները՝ եթե խաղաղության պայմաններում ղեկավարվում էինք «մի սպանիր» աստվածաշնչյան պատգամով, ապա ռազմական գործողությունները սկսվելուց անմիջապես հետո պատրաստ ենք հորդորել մեր զինվորին՝ «Սպանիր, որքան հնարավոր է շատ սպանիր»։
Այս տրամաբանությունը վեր է հանված նաև ամերիկացի հայտնի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմում, որը մի քանի օր առաջ մեծ էկրան բարձրացավ Միացյալ Նահանգներում։ Ուղղակի գլխավոր հերոսի զգացմունքներն արտահայտվել են հակառակ հերթականությամբ։ Այն ժամանակ, երբ Օպենհայմերի գլխավորած խումբը մշակում էր աշխարհում առաջին ատոմային ռումբը, նա բոլորովին չէր մտածում այն մասին, թե ինչ հետևանքներ է ունենալու միջուկային զենքի կիրառումը Հիրոսիմայում ևՆագասակիում։ Նրա մտքին ընդամենը մի բան էր՝ կանխել ամերիկյան բանակի շատ զոհերը Ճապոնիայի վրա ցամաքային հարձակման դեպքում։ Այսինքն`մղումները զուտ հայրենասիրական էին, պետական շահերից ելնող։ Հո պատահական չէր Ալբերտ Էյնշտեյնը նկատել. «Օպենհայմերի պրոբլեմն այն է, որ նա սիրում է ամերիկյան կառավարությանը, որը չի սիրում իրեն»։
Այո, երկրի իշխանությունները Օպենհեյմերից զգուշանալու պատճառներ ունեին։ Նա մոտ էր կոմունիստներին և որոշ դեպքերում կիսում էր նրանց գաղափարները։ Ժամանակին կոմունիստական կուսակցության անդամներ են եղել նրա կինը, սիրուհին, եղբայրը, ատոմային ռումբարսը, ընկերներն ու նաև այն ուսանողները, որոնց նա դաս էր տալիս։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի, բառիս բուն իմաստով, համաշխարհային սկանդալ էր ծագելու, եթե հանկարծ պարզվեր, որ ամերիկյան առաջին ատոմային ռումբի ստեղծողը կոմունիստ է։ Սակայն Օպենհայմերը համառորեն հերքում էր, թե երբևէ եղել է այդ կուսակցության անդամ, և Հետաքննությունների դաշնային բյուրոն էլ դա չկարողացավ ապացուցել։
Բոլոր դեպքերում գիտնականի վերաբերմունքը ատոմային ռումբի նկատմամբ արմատապես փոխվեց, երբ նա մինչև վերջ գիտակցեց, թե ինչ է արել։ 1945 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումանի հետ հանդիպման ժամանակ Օպենհայմերը խոստովանեց. «Ես զգում եմ, որ ձեռքերս արյունոտ են»։ Թրումանը փորձեց հանգստացնել գիտնականին`ասելով. «Արյունը իմ ձեռքերին է, և դա իմ խնդիրն է»։ Այնուամենայնիվ Օպենհայմերը, որն ընդգրկված էր ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովում, ակտիվորեն հանդես էր գալիս միջուկային նոր զինատեսակների, մասնավորապես ջրածնային ռումբի մշակման դեմ։ Սա, իհարկե, չէր կարող չունենալ իր հետևանքները՝ 1954 թվականին նախաձեռնվեց Օպենհայմերի գործունեության կառավարական հետաքննություն և նա զրկվեց պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքից և քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելուց։
Ինչևէ, Նոլանի նոր կինոնկարը, որն արդեն հսկայական հետաքրքրություն է առաջացրել, շատերի կարծիքով, անպայման օսկարների կարժանանա։ Իսկ ամերիկյան թերթերից մեկի մեկնաբանը գրել է. «Այս ֆիլմի հիմքում շատ պարզ ու շատ հրատապ մի գաղափար է՝ հանճարը չպետք է աշխատի կառավարության համար։ Դա երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցնում»։
ՌԱԴԻՈ
ԱՄՆ–ի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունն իրատեսական չէ. փորձագետ