Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ կդադարեցվի

Արցախում վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Վաղվանից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվելու է։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի սղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում էր, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

«Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են, և հուլիսի 25-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվելու է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։
Դրանից հետո ԿԽՄԿ–ին 3 անգամ է հաջողվել Արցախից Հայաստան բուժառուներ տեղափոխել։