ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության քաղաքացիները կեղծ հեռախոսազանգեր են ստացել, որոնց ընթացքումզանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացրել են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվությանը, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԱՀ ԱԱԾ–ն կոչ է անում կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։