Ադրբեջանական դիրքերից կրակել են Շոշի տարածքում աշխատող տրակտորի ուղղությամբ

Տրակտոր
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են տարբեր տեսակի զենքերից։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական կրակոցներ են արձակել Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ ժամը 11:20-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 23-ին, ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ: