Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել, ինչպե՞ս դարձավ Սպարապետ. Փաշինյան

ՀՀ վարչապետն այսօր մասնակցել է ԵԿՄ-ի 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և այցելել Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանին շիրիմներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Առանց երկրապահության և երկրապահի Հայաստանը չէր ունենա անկախություն: Այսօր Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Ես հաճախ եմ մեր քննարկումներում ասում, որ պետությունը հիմնվում է հանուն այդ պետության սեփական կյանքը տալու պատրաստակամության վրա։ Եթե չկա այդպիսի պատրաստակամություն` չի կարող լինել պետություն։ Բայց մյուս կողմից, շատ կարևոր է սրա շարունակությունը, որովհետև պետությունը մի տեղ չէ, որտեղ մարդիկ պետք է մահանան, պետությունը մի տեղ է, որտեղ մարդիկ պետք է ապրեն»,– իր ելույթում ասել է ՀՀ վարչապետը։
Իր ելույթի մեծ մասը ՀՀ վարչապետը նվիրել էր Երկրապահ կամավորականների միության հիմնադիր, սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Նա նշել է, որ երկրապահությունն առաջին հերթին ձևավորեց մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր:
«Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը: Մենք նրան հիմա գիտենք որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի հիմնադիր, որպես Երկրապահ կամավորականների միության հիմնադիր: Թերևս վստահ չեմ, որ ներկաներից բոլորը գիտեն, բայց Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել՝ Խորհրդային բանակում: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ: Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝ հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին, դա է մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչը: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր»,– ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև 1999թ–ի հոկտեմբերի 27-ին և կարծիք հայտնել, թե ինչու այդ օրը սպանվեց Վազգեն Սարգսյանը։
«Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ պետությունը և հայրենիքն ընկալվում են նույն կերպ։ Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները»,– նշել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վազգեն Սարգսյանի շիրիմին.
Նիկոլ Փաշինյանն այսօր բարձրաստիճան պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է նաև Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին: