Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Եգիպտոսի նախագահի հանդիպումը ՀՀ նախագահի հետ. Արխիվային լուսանկար
ՀՀ նախագահն ընդգծել է, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերությունները շարունակում են անշեղորեն ամրապնդվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի գործում։
Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ հեղափոխության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։
«Մեծ գոհունակությամբ արձանագրում եմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերությունները շարունակում են անշեղորեն ամրապնդվել։ Դրա լավագույն ապացույցն այս տարվա սկզբին Հայաստան կատարած Ձեր պատմական այցն էր, որով միջպետական հարաբերությունները թևակոխեցին կառուցողական երկխոսության և դինամիկ զարգացման նոր շրջան՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը»,–ասված է նախագահի ուղերձում։
Հավելենք, որ այս տարվա հունվարին Աբդել Ֆաթահ Ալ–Սիսին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել էր ՀՀ։ Հունվարի 29–ին կայացել էր Հայաստանի և Եգիպտոսի նախագահների հանդիպումն ու առանձնազրույցը։