ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մաշված մետաղը կարող է ինքնավերականգնվել, այս մասին է վկայում Սանդիայի ազգային լաբորատորիաների և A&M տեխասյան համալսարանի ամերիկացի գիտնականների փորձարկումը։ Science Daily պարբերականը հայտնում է, որ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Մետաղների մաշվածության մաթեմատիկական բոլոր մոդելները մաշվածության ժամանակ ճաքերի ընդլայնում են ցույց տալիս, այլ ոչ կրճատում։ Սակայն 2013 թվականին Մայքլ Դեմկովիչը, որը նախկինում եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող, իսկ այժմ A&M համալսարանի պրոֆեսոր է, տեսական հաշվարկներ հրապարակեց համակարգչային սիմուլյացիաների հիման վրա մետաղների ինքնավերականգնման մասին։
Վերջերս նրա տեսությունը փորձով հաստատեցին Բրյուս Բոյդն ու նրա գործընկերներ Հալիդ Հաթարն ու Քրիս Բարը, որոնք Սանդիայի լաբորատորիայում մետաղների մաշվածությունն էին ուսումնասիրում։ Նրանք պլատինի մի կտոր տեղադրեցին նանոչափային մեխանիկական փոքր ունելիների մեջ, որոնք վայրկյանում 200 անգամ հպվում էին մետաղին։ 40 րոպե անց գիտնականները նկատեցին, որ մետաղի վրա առաջացած ճաքերը սկսել են փակվել` հետք չթողնելով։ Իրենց արդյունքների մասին գիտնականները պատմեցին Դեմկովիչին` հայտնելով, որ նրա տեսությունը հաստատվել է կոնկրետ փորձով։
Մետաղի մաշվածությունից համաշխարհային տնտեսությունը տարեկան տրիլիոնավոր դոլարներ է կորցնում։ Բայց հայտարարել, որ այժմ արդեն դրանց հարատևության ունիվերսալ միջոցը հայտնաբերվել է, դեռ վաղ է։ Փորձարկումն իրականացվել է վակուումում պլատինի նանոբյուրեղների վրա։ Այժմ հասկանալ է պետք, թե արդյոք այդ ֆենոմենը կարող է կիրառելի լինել մետաղի սովորական (ոչ նանոչափային) կառուցվածքներում բաց երկնքի տակ։