ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր ՃՏՊ է եղել Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի համայնքապետարանի մոտակայքում. կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են այսօր` հուլիսի 22-ին, ժամը 19:12-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ն․ Վ․, ծնված 1986 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Վերջինս այնուհետև բախվել է էլեկտրական սյանը, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենան՝ գազատար խողովակին»,–ասվում է հաղորդագրությունում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 1961 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Տուժածները հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: