ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Սանահինի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Նրա խոսքով` Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքները մի քանի տարի տևեցին, որովհետև վերանորոգման աշխատանքների համար տարեկան համեստ գումարներ էին հատկացվում։ Արդյունքում աշխատանքի մի մասն արվում էր, մյուս մասը մնում հաջորդ տարվա համար։ Վանյանը նշում է` այս դեպքում որոշակի խնդիրներ էլ էին ունենում, քանի որ աշխատանքները տարբեր կազմակերպություններ էին անում. մի վարպետի աշխատանքի ձեռագիրը կարող էր մյուսինից տարբերվել կամ մեկը կարող էր մյուսի արածը ճիշտ չհամարել։ Հիմա առհասարակ մոտեցումն է փոխվել։
«Ճիշտ չէ, որ 1 հուշարձանի վերականգնման վրա տարբեր կազմակերպություններ աշխատեն։ Որևէ հուշարձանի վերականգնման, ամրակայման նախագիծը մենք պլանավորում ենք սկզբից մինչև վերջ, այլ ոչ թե մասամբ, պայմանագիրն էլ կնքվում է մեկ ընկերության հետ, որը գիտի` մի քանի տարվա ընթացքում ինքը պետք է լինի տվյալ հուշարձանի վերականգնման ամբողջական ծրագրի պատասխանատուն»,– հայտնեց Վանյանը։
Նա նշեց, որ պետական միջոցներով այս տարի կավարտվեն ոչ միայն տանիքի վերանորոգման աշխատանքները, այլև տարածքում բարեկարգման որոշակի աշխատանքներ են արվելու` հենապատի և ջրահեռացման խնդրի լուծում։
Սանահինի վանական համալիր
© Sputnik / Aram Nersesyan
Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Մասիս քահանա Առաքելյանն ուրախությամբ է հետևում աշխատանքների ընթացքին, որոնք ավարտի փուլին են մոտեցել։ Ասում է` տանիքը վատ վիճակում էր, անձրևներն ամբողջովին ներս էին լցվում։
«Ես Մարմարաշենից եմ։ Մեր գյուղում Սանահինի Սուրբ Ամենափրկիչից ավելի մեծ եկեղեցի է եղել, բայց հիմնահատակ ավերվել է Սովետի տարիներին։ Սանահինն ու Հաղպատը Միկոյան եղբայրների (Անաստաս և Արտեմ,–խմբ.) շնորհիվ են պահպանվել։ Նրանք ամեն ինչ արել են, որ չքանդվի։ Պահեստների են վերածել, բայց չի քանդվել»,– ասում է տեր Մասիսը։
Տեր Մասիս քահանա Առաքելյան
© Sputnik / Aram Nersesyan
Վերջինս վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ է նշանակվել մոտ 3 տարի առաջ։ Ասում է` երբ նոր էր եկել, ժամերգություններին ու պատարագներին միայնակ էր լինում։ Քանի որ տարիներ շարունակ մշտական հոգևորական չէր եղել, բնակիչներն էլ սովոր չէին հոգևոր արարողություններին մասնակցել։
«Որ չչափազանցնեմ, երևի գյուղի 80 տոկոսը մկրտված չէ։ Հիմա որ երեխաների մկրտություն է լինում, առաջարկում եմ երեխաների հետ իրենց էլ մկրտել։ Երուսաղեմի համար են ասում, բայց այստեղի համար էլ է ճշմարիտ` սրբությունը որտեղ որ շատ է, փորձություններն էլ այնտեղ ավելի շատ են»,– ասում է տեր Մասիսը։
Ժամերգություններին դեռ հաճախ է միայնակ է լինում, բայց համայնքը կամաց–կամաց ձևավորվում է. հիմա պատարագներին գյուղացիներն էլ են մասնակցում, իսկ ակտիվ զբոսաշրջային ամիսներին եկեղեցական ծիսակարգերի մասնակից են դառնում նաև վանական համալիր այցելած զբոսաշրջիկները։
Նշենք, որ Սանահինի վանական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Հարություն մատուռն ու Սուրբ Հակոբ եկեղեցին նույնպես վերանորոգվել են, հիմա Զաքարյանների ու Արղությանների դամբարանն է վերանորոգվում։