Միլիոնանոց «կղզին». Հայաստանը մտադիր է ամբարտակ կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Թուրքիայի հետ սահմանն անցնում է Արաքս գետով, որի հունը փոխվելու պատճառով մոտ 400 հա մակերեսով «կղզի» է առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik, Դավիթ Գալստյան. Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Կապալառուի ընտրության մրցույթը պայմանագրի ստորագրման փուլում է:
Պայմանագրի նախագիծը ենթադրում է, որ այն ուժի մեջ կմտնի ֆինանսական միջոցների հատկացման դեպքում:
Նախագծանախահաշվային փաստաթղթերով` շինարարական աշխատանքների տևողությունը կկազմի 16 ամիս՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած:
Ինչ վերաբերում է նախագծի արժեքին` ըստ նախագծային փաստաթղթերի` շինարարական աշխատանքների, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողության համար կպահանջվի շուրջ 384,7 մլն դրամ, որից 378 միլիոնը շինարարական աշխատանքների, մոտ 5 միլիոնը տեխնիկական հսկողության, 1,5 միլիոնն էլ հեղինակային հսկողության համար։
Ֆինանսավորման աղբյուրի մասին հարցին նախարարությունից պատասխանել են, որ «ներկայում համապատասխան քննարկումներ են ընթանում»:
Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:
Արաքսի հունը փոխած ավազահանք շահագործողները կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից
Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:
Թե ինչ տեսք ունի «կղզին» քարտեզի վրա, տեսեք մեր նախորդ հոդվածում։