ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Փաստ չէ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու «ՀայաՔվեով» խորհրդարան տարվող օրինագծին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Խմբակցությունը բաղկացած է 70 մարդուց, և որպես ամբողջություն, իրենք դեմ չեն արտահայտվել, դեմ են արտահայտվում կոնկրետ գործիչներ, և իրենք դեմ են արտահայտվում ոչ թե որովհետև չեն քվեարկելու, այլ որովհետև ուզում են ձախողել ստորագրությունների փուլը»,– նշեց Չալաբյանը։
Նա կարծում է, որ երբ ստորագրությունների անհրաժեշտ թիվը հավաքվի, և ակնհայտ դառնա, որ ժողովուրդն աջակցում է այս նախաձեռնությանը, «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ոչ միայն կսկսեն լուրջ քննարկումներ, այլև ճեղքվածք կառաջանա։
«Մեզ ընդամենը պետք է, որ 20 պատգամավոր քվեարկի, և մենք աշխատելու ենք, որ նրանք քվեարկեն։ Ավելին, ՔՊ–ն խորհրդի կամ վարչության մակարդակով չի արտահայտվել «ՀայաՔվեի» մասին։ Մեր պատմության մեջ շատ են նման դեպքերը, երբ իշխող ուժն ինչ–որ բանին դիմադրում է, հետո համաձայնում»,– նշեց նախաձեռնության համակարգողը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։