ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիան հույս ունի, որ կհաջողվի պահպանել դինամիկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պատմական համաձայնագրի ճանապարհին: Այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։
Նա նշել է, որ առավոտյան զրուցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ տարբեր հարցերի մասին։
«Խոսել եմ այս մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիան աջակցել տարածաշրջանային բարգավաճմանը և անվտանգությանը»,– գրել է Դոքերթին:
Հիշեցնենք` ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին մայիսի 22–ին Հայաստան էր ժամանել։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Դոքերթին և Միրզոյանը հանդիպումից հետո համատեղ ասուլիսով հանդես եկան։
Ասուլիսի ժամանակ եվրոպացի պաշտոնյան հայտարարեց, որ Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել։ ՄԹ–ն ուզում է համապարփակ խաղաղություն տեսնել հնարավորինս շուտ։