Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 13 բուժառու է տեղափոխվել Արցախից Հայաստան

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 22-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու, ուղեկցողների հետ միասին,Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ավելի քան 200 բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
«Չնայած իրականացված ջանքերին, Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը»,–նշում են նախարարությունից:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարել էր նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները, իբր, մաքսանենգության փորձ են արել։ Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ, հարուցվել է քրեական գործ։
Դրանից հետո սա 2–րդ դեպքն է հիվանդներ տեղափոխելու։ Նախորդ անգամ հուլիսի 14–ին էր Կարմիր խաչն Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան։