Բուհական ընդունելության քննությունների, մեղմ ասած, չգոհացնող արդյունքները ընդունելության գործող կարգի հետևանքն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` մեկնաբանելով ընդունելության քննությունների վերաբերյալ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրապարակած տվյալները։
Հայտնել ենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օրերս հայտարարել է` Հայաստանի բուհերն այս տարի ունեցել են 13304 դիմորդ, որոնցից առաջին փուլով ընդունվել է 9147–ը։ Վճարովի տեղերն այս տարի եղել են 15 984, որոնցից համալրվել են 7242-ը։
«Դա ամենամեծ սխալն է` միանգամի կարելի է ասել, որովհետև այս պարագայում մենք ուղղակի կորցնում ենք լավագույն դիմորդներին` չհասկանալով, որ բուհական կրթությունը չի ենթադրում խիստ մասնագիտական կրթություն»,– ասաց Մխիթարյանը։
Նշենք, որ գործող կարգի համաձայն, որը հաստատվել էր 2021թ–ին, դիմորդին իրավունք է տրվում հայտում միայն մեկ բուհ ու մեկ մասնագիտություն ընտրել։ Արդյունքում, հայտում նշված տեղի մրցույթից դուրս մնալով` անգամ համեմատաբար բարձր միավորներ ստացած դիմորդը զրկվում է այլ բուհերի կամ մասնագիտությունների մրցույթին մասնակցելուց։
Այդ նպատակով նա կարող է երկրորդ անգամ հայտ լրացնել թափուր մնացած տեղերի համար (որտեղ առաջին հայտով առկա տեղերը չեն լրացվել)։ Այս կարգի «շնորհիվ», Ատոմ Մխիթարյանի խոսքով, նվազագույն միավորներ վաստակած դիմորդներն ընդունվում են, իսկ անհամեմատ ավելի բարձր միավորներ վսատակածները` դուրս մնում բուհական կրթությունից։
Մխիթարյանը համակարգային խնդիր է համարում այն, որ ընդունելության մրցույթը կազմակերպվում է ընդհանուր` պետության կողմից և բոլոր բուհերի համար միաժամանակ։
«Սա արդեն գաղափարական խնդիր է դարձել մեր պետության ու իշխանությունների համար` ընդունելության քննությունները անընդհատ պահել պետության հսկողության ներքո, ինչն ուղղակի անթույլատրելի է, հատկապես, որ պետությունը պատախանատվություն չի կրում ընդունելության, կրթության ու աշխատանքի տեղավորման հետագա ընթացքի համար»,– ասում է Մխիթարյանը` պարզաբանելով, որ խորհրդային պլանային տնտեսության ու դրա հիմքում դրված կրթության ժամանակները վաղուց անցել են։
Պետությունն այսօր չի կարող պլանավորել, թե քանի ֆիզիկոս պետք է այս տարի բուհն ավարտի ու նրանցից քանիսը որտեղ պետք է աշխատանքի անցնեն։
«30 տարի առաջ դուրս գալով ԽՍՀՄ–ից` մենք կրթության համար մինչ օրս պահպանել ենք պլանային տնտեսությանը գաղափարապես մոտիկ այս համակարգը, որտեղ պետությունը տալիս է կոնկրետ տեղեր պետական բուհերի համար` առանց հաշվարկների, առանց հիմնավորման, առանց վերուծության, ու հետո էլ մտածում է` ինչպես անել, որ այդ տեղերը համալրվեն։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Պետության դերը պետք է լինի որակի հսկողությունը և դպրոցն ավարտելիս նրանց գնահատականները։ Դրանից հետո բուհերը պետք է որոշեն, թե ում վերցնեն որպես ուսանող։ Իսկ թե նրանցից քանիսը կավարտեն այդ բուհը` բուհերն ու ուսանողներն իրենք պետք է որոշեն։ Շատ երկրներում ուսանողները կես տարի, մեկ տարի սովորելուց հետո հասկանում են, որ ավելի լավ է` գնան, աշխատեն, հետո որոշեն` ինչ մասնագիտություն ձեռք բերեն, քանի որ 17-18 տարեկան պատանին դեռ այնքան կողմնորոշված չէ, որ իմանա, թե ինքն ինչ է դառնալու»,– ասում է փորձագետը։
Որպես տարիներով կուտակված խնդիրների լավագույն լուծում` Ատոմ Մխիթարյանն առաջարկում է զարգացած եվրոպական երկրների բուհական կրթության մոդելը։
«Դիմորդը պետք է իր նախընտրած առարկաներից քննությունները հանձնի ավարտական քննությունների ընթացքում և հավաքի միավորներ։ Բուհերն էլ պետք է հայտարարեն, որ պատրաստ են ընդունել այն դիմորդներին, որոնք տվյալ առարկաներից ունեն առնվազն X միավոր»,– ասում է Մխիթարյանը` հավելելով, որ այս կարգով բուհ ընդունված ւսանողներից շատերը կարող են կրթության ըթացքում չհաղթահարել բարձրագույն կրթության դժվրությունները, կարող են ուղղակի այլ մասնագիտություն ընտրել։
Արդյունքում բուհում կմնան նրանք, ովքեր իրոք պետք է ավարտեն տվյալ հաստատությունն ու ստանան իրենց ընտրած մասնագիտացումը։
Իսկ թե ինչու պետությունը չի գնում այդ ճանապարհով, ու ինչու է շարունակում պահպանել իրեն սպառած համակարգը, կրթության փորձագետի կարծիքով` մի պատասխան ունի.
«Որովհետև նրանք, ովքեր որոշումներ են կայացնում, կոմպետենտ չեն այս հարցում։ Այն մարդիկ, որոնք տարբեր տեղերից գալիս են ու ուզում են կրթության ոլորտում որոշումներ կայացնել և կայացնում են, նրանք ուղղակի չեն կարող իրենց որոշումների հետևից գնալ։ Լավ, մի քիչ մեղմ ասեմ` գուցե նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչ կարելի է անել։ Բայց սա պատճառ է դարձել, որ մեր կրթական համակարգը հետզհետե նահանջել է որակի, կազմակերպվածության առումով, և արդյւնքը եղել է այն, որ ՀՀ–ում եթե ցանկացած բուհի միջին ուսանողի գիտելիքները ստուգենք ու համեմատենք մեր հարևան երկրների նույն մակարդակի ուսանողի հետ` մենք կտեսնենք, որ մենք ամենավերջին տեղում ենք»,– ասաց Մխիթարյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ` այն ամենը, ինչ այսօր ՀՀ–ում կատարվում է ու հրամցվում որպես «բարեփոխում», իրականում մեր կրթական համակարգը հետ է մղում, և հետագայում տասնամյակներ են պետք լինելու հայաստանյան կրթությունը գոնե հարևան երկրների մակարդակին հասցնելու համար։