ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր Կապան–Տաթև ճանապարհի 38–րդ կմ–ում ավտոմեքենա է այրվել, կան տուժածներ։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 13։42-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, դրանից կարճ ժամանակ անց` 15։17-ին, մարվել։
Պարզվել է, որ այրվել է Իրանի քաղաքացի Մ․ Հ․ Ա․–ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը և ուղևոր Մ․ Ա․-ն, որը ևս Իրանի քաղաքացի է, հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ։
Բուժկենտրոնում բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։