Վահան Վարդանյան, Sputnik Արմենիայի համար
Իրանի զինված ուժերը միշտ պատրաստ են դիմագրավելու ցանկացած վտանգ, և այսօր ավելի մեծ զսպող ուժ են, քան երբևէ: Հուլիսի 20–ին այսպեսզի հայտարարությամբ հանդես եկավ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում սա Հարավային Կովկասի հետ կապված արդեն երկրորդ նախազգուշացնող հայտարարությունն է Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որովհետև Բաղերին այդ պահին տեսչական ստուգում էր անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված զորքերում:
Նախորդ շաբաթ ավելի ընդարձակ մեկնաբանություն էր արվել Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ա.Վելայեթիի կողմից: Տասնվեց տարի արտգործնախարարի պաշտոնում փորձառություն ձեռք բերած Վելայեթին, որն Իրանի դիվանագիտության հիմնական մշակողներից մեկն է, կրկին մտահոգություն հայտնեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրագործման հետ կապված:
Վելայեթիի պնդմամբ` Թուրքիան և Ադրբեջանը նպատակամղված փորձում են Հայաստանի հարավային հատվածով դեպի Նախիջևան միջանցք ստանալ, և այդպիսով նախ Հայաստանը բաժանել երկու մասի, այնուհետև առհասարակ կտրել Իրանի կապը Հայաստանի հետ: Իրանցի դիվանագետը կոչ ուղղեց Ռուսաստանին՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին աչքաթող չանել Հարավային Կովկասը, որովհետև դա հղի է Մոսկվայի և Թեհրանի համար պանթյուրքիզմի լրջագույն վտանգով:
Դրան հաջորդեց Ռուսաստանի որոշակի դիվանագիտական ակտիվացումը Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու ուղղությամբ:
Իրանական կողմի մտահոգությունն առաջին հայացքից կարող է թվալ անհիմն, քանի որ պաշտոնական Երևանը շարունակ պնդում է, թե այդպիսի միջանցք Ադրբեջանին տրամադրելու մտադրություն չունի: Բոլորովին վերջերս այդ մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետը՝ ռուսաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ բանակցությունների հերթական փուլից հետո: Մինչդեռ խոսքերը մի բան են, գործողությունները՝ այլ:
Խնդիրն այն է, որ Իրանը գնալով դադարում է ընկալել Հայաստանը որպես սուբյեկտ՝ հաշվի առնելով Արևմուտքի անվերապահ ազդեցությունը գործող իշխանությունների վրա: Լաչինի միջանցքի յոթ ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Հայաստանը գործնականում ոչինչ չի արել այն բացելու համար՝ բացի միջազգային կառույցներին անիմաստ դիմումներ գրելուց ու իրավիճակի պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորակազմի վրա գցելուց: Օրեր առաջ գործող վարչապետը փաստորեն հաստատեց, որ մտադիր է շարունակել նույն գործելակերպը:
Բացի այդ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարություններով Հայաստանի կառավարությունը գործնականում լեգիտիմացնում է Բաքվի հակաիրավական գործողությունները: Այս տրամաբանությունը հուշում է, որ հետագայում իրավիճակը կարող է զարգանալ երկու հնարավոր սցենարով: Առաջին դեպքում շրջափակումից հյուծված Արցախն ի վերջո կարող է ընդունել Ադրբեջանի «ինտեգրման» առաջարկները` դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով, ընդհուպ` մինչև Արցախի վերջնական հայաթափումը:
Բայց կա նաև երկրորդ հավանական սցենարը. Հայաստանի կառավարությունը կհայտարարի, թե ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց գործառույթները, իրավիճակը օրհասական է, և Երևանը «ստիպված է» ընդառաջել Սյունիքով դեպի Նախիջևան միջանցք տրամադրելու` Ադրբեջանի և Թուրքիայի հայտնի պահանջին, որպեսզի փրկի արցախահայությանը: Բնականաբար, միջանցքը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի դեպքում, և այդ պահանջը Բաքուն հնչեցրել է բազմիցս: Այդպիսով, Թուրքիային դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա մղելու արևմտյան ծրագիրը կդառնա իրականություն, ինչի համար էլ իրականում 2020-ին սկսվեց 3-րդ Ղարաբաղյան պատերազմը և ավարտվեց այն արդյունքով, ինչ ունենք:
Բայց Թեհրանում իշխող ուժերն ու անհատները շատ ավելի լավ են գիտակցում իրենց ազգային շահերը՝ ի տարբերություն Հայաստանի իշխանության: Իրանը հերթական զգուշացումն է հղում տարածաշրջանի բոլոր խաղացողներին և շահագրգիռ կողմերին ու մատնանշում իր «կարմիր գծերը»։ Միաժամանակ հստակ հասկացնում է, որ պատրաստ է ուժով պաշտպանել այն, ինչ իր շահն է համարում: