Հայաստանյան մի քանի բանկեր դադարեցնում են «Յունիստրիմ» համակարգի սպասարկումը

Բանկերն առաջարկում են փոխանցումներ կատարելու համար օգտվել վճարային այլ համակարգերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանյան մի քանի բանկեր դադարեցնում են «Յունիստրիմ» համակարգի սպասարկումը, քանի որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել վճարային համակարգի դեմ։

«Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգի հետ համագործակցության դադարեցման մասին հաղորդագրություններ են տարածել «Արդշինբանկը» և «Կոնվերս բանկը»։

Բանկերը հայցում են հաճախորդների ներողամտությունն ու առաջարկում գումար փոխանցելու կամ ստանալու համար օգտվել վճարային այլ համակարգերից։
Նշենք, որ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին հայտնի է դարձել հուլիսի 20-ին։
«Յունիստրիմը» հանդես է գալիս որպես արտասահմանյան դրամական փոխանցումների օպերատոր շուրջ 30 երկրներում, որոնց թվում են Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Կիպրոսը, Իսրայելը, Սերբիան, Թուրքիան, Մոլդովան, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և այլն:
Հայաստանյան բանկերը պատժամիջոցների չեն ենթարկվել, բայց խստացրել են պայմանները
Համակարգի հետ համագործակցության դադարեցման մասին հայտարարել են նաև արտասահմանյան մի շարք բանկեր։