«ՀայաՔվեին» միացել է 38.500 քաղաքացի. Չալաբյանը Փաշինյանին ևս առաջարկեց ստորագրել

Համակարգողի խոսքով` «ՀայաՔվեի» ոչ միայն աշխարհագրությունն է ընդարձակվել, այլև տեմպն է ավելացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվեի» վերջին ամփոփ տվյալներով` ստորգրահավաքին միացել են 38.500 ՀՀ քաղաքացիներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նրա խոսքով` 19.870 քաղաքացի ստորագրահավաքին միացել է Երևանում, 18.010` մարզերում, 620 քաղաքացի` էլեկտրոնային ստորագրությամբ։
Արցախի ճգնաժամի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը «ՀայաՔվեի» դեմ է պայքարում. Չալաբյան
Չալաբյանը շեշտեց` անցնող շաբաթվա ընթացքում «ՀայաՔվեի» տեմպն ավելացել է, սակայն խնդիրներ կան էլեկտրոնային ստորագրահավաքի հետ կապված։
«Հազարավոր քաղաքացիներ զրկված են էլեկտրոնային ստորագրահավաքին միանալու իրենց սահմանադրական իրավունքից, որովհետև այդ համակարգը` ԷԿԵՆԳ–ը, ՀՀ–ից դուրս արգելափակված է, չի աշխատում։ Մենք հարյուրավոր նամակներ ենք ստանում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներից։ Մարդիկ գրում են, և մենք խնդիրը չենք կարողանում լուծել, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծում է, պնդում է, որ ԷԿԵՆԳ–ն աշխատում է»,– ասաց Չալաբյանը` հավելելով, որ այս մասով պատրաստվում են հաղորդում ներկայացնել։
Նա հիշեցրեց, որ հուլիսի 18-ին «ՀայաՔվեին» է միացել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան, որը նաև ունի ՀՀ անձնագիր։ Ընդ որում, ստորագրությունից հետո Ռոշբլուան հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Չալաբյանը դիմեց վարչապետին` ասելով` միգուցե Ռոշբլուայի քայլը ուղերձ է նրա համար։

«Պարո՛ն Փաշինյան, գուցե ժամանակն է, որ Դո՞ւք էլ միանաք «ՀայաՔվեին»։ Գուցե ժամանակն է, որ Դո՞ւք էլ հասկանաք` դիմադրելու փոխարեն պետք է «ՀայաՔվեն» օգտագործել որպես կռվան` բանակցային այն փակուղուց դուրս գալու համար, որի մեջ մտցրել եք մեր երկիրը»,– ասաց Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։