Առկա խնդիրները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով. Միրզոյանն ընդունել է Իրանի նոր դեսպանին

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում Հայաստանի ու Իրանի մոտեցումը նույնն է: Այս մասին խոսել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել առավելագույն ջանքերը երկու երկրների՝ պատմական և քաղաքակրթական հիմքերի վրա անխափան կերպով ընթացող հարաբերությունների առավել խթանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական ընդգրկուն օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են դինամիկ զարգացող հայ-իրանական քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:
«Անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության խորացման և իրականացման փուլում գտնվող ու նախանշված ծրագրերի կյանքի կոչման աշխատանքներին»,–նշում են ԱԳՆ–ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորման շուրջ վերջին քննարկումներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինում է Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտել է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան էր նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: