ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։
«Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԺ նախագահը գործընկերոջը մանրամասներ է հաղորդել վերջին օրերի զարգացումների մասին։
Խորհրդարանների ղեկավարները քննարկել են ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորությունները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։